Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

«ՀԱՍՏԱՏ ԳԻՏԵԻ, ՈՐ ԱՅԴ ԱՂՈՒՆԸ ԵՍ ԵՄ ԼԻՆԵԼՈՒ և ՏԱՐԲԵՐՎԵԼՈՒ ԵՄ»

«ՀԱՍՏԱՏ ԳԻՏԵԻ, ՈՐ ԱՅԴ ԱՂՈՒՆԸ ԵՍ ԵՄ ԼԻՆԵԼՈՒ և ՏԱՐԲԵՐՎԵԼՈՒ ԵՄ»
11.02.2011 | 00:00

Անցյալ տարվա վերջին «Իրատես de facto»-ի աշխատակիցները հրավիրվեցին Տավուշի մարզի Կողբ գյուղի մշակույթի կենտրոնի թիվ 1 գրադարանի բացմանը: Չնայած սոցիալական լուրջ խնդիրներին, այստեղ մեծ ուշադրություն է դարձվում մարզամշակութային կյանքին և երիտասարդությանը հուզող հարցերին: Հրավիրվեցինք նաև Կողբի պատմության թանգարան, առիթ ունեցանք զրուցելու Կողբի մշակույթի կենտրոնի տնօրեն ՍԱՍՈՒՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ հետ, տեղեկացանք Կողբի մշակութային կենտրոնի թատերախմբի գործունեության մասին: 2006-ից Սասուն Մուրադյանը բեմադրել է չորս ներկայացում` «Կինն ուսադիրներով», «Պոկված կրունկներ», «Լույս քեզ տեսնողին», իր իսկ խոսքով` 2010-ի աշնանը «համարձակվել են» ներկայանալ Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև» վիպակի համանուն պիեսով: «Ներկայացումները կյանքի են կոչվում սիրողական դերասանների ջանքերով: Աղունի դերում Նաիրա Աբրահամյանն է, որը երկար տարիներ աշխատել է Նոյեմբերյանի քաղաքային մշակույթի տանը, բացի այդ, իր փորձառությամբ, կարող եմ ասել, պրոֆեսիոնալ դերասանուհի է»: Ինքը` Սասուն Մուրադյանը, մարմնավորում է Աղունի տագրոջ դերը: Հանդիսատեսի խնդրանքով չորս անգամ նույն բեմում ներկայացվել է այն, հանդես են եկել նաև Նոյեմբերյան քաղաքում և Այրումում: «Գյուղում ապրող մարդիկ հստակ կպատկերացնեն` ինչ է նշանակում մի ներկայացումը չորս անգամ ցուցադրել գյուղական միևնույն համայնքում»,- ասում է Սասուն Մուրադյանը: Չի ժխտում` գյուղի մարդը հեռացել է թատրոնից, բայց «Աշնան արևին» ներկա են եղել միջինից բարձր տարիքի մարդիկ, որոնց վաղուց չէր տեսել թատրոնում: Նոր «Աշնան արևը» ինչո՞վ էր տարբերվում, առանձնանում հին, դասական «Աշնան արև»-ներից: «Բայց ես իրավունք ունե՞մ համեմատություն անցկացնելու,- ասում է Սասուն Մուրադյանը:- Այնտեղ մեծեր են, մենք սովորելու շատ բան ունենք դեռ»: Հետաքրքիր էր իմանալ, ինչպես է զգացել իրեն Աղունի դերում ներկայացման գլխավոր հերոսուհին` ՆԱԻՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ: «Դժվարությունները շատ էին, բայց հաղթահարեցի: Ժամանակի ընթացքում արդեն առանց վախենալու ինձ տեսնում էի Աղունի դերում: Չէի պատկերացնում` ինչպես կխաղամ, բայց հաստատ գիտեի, որ այդ Աղունը ես եմ լինելու և տարբերվելու եմ»: Պարզվում է` դերասանուհին դեռ վաղ հասակից երազել է Աղուն խաղալ, հայելու առաջ կրկնօրինակելով Գալյա Նովենցին, ում խաղն է հատկապես սիրել:
Տավուշի մարզի ամենամեծ գյուղական այս համայնքն ունի գեղեցիկ բնաշխարհ, կլիման մեղմ է, մարդիկ էլ` ջերմ: Նրանք հպարտանում են հանրահայտ կողբեցիների անուններով, որոնք քիչ չեն:
Սասուն Մուրադյանի խոսքով` Կողբը ներկայանում է առաջին հերթին մշակույթի տանը տեղակայված Կողբի պատմության թանգարանով, ուր ամփոփված են Կողբի պատմությունը, անցյալը, կենցաղը, նաև ներկան: Կողբը հին բնակավայր է: Առաջին անգամ պատմության էջերում այս գյուղը 387 թվականով է հիշատակվում Խորենացու «Հայոց պատմություն» գրքում: Բայց, ըստ զրույցների, հնագետների ենթադրությունների և որոշ ցուցանմուշների, կարելի է ենթադրել, որ այն բավականին վաղ բնակատեղի է եղել մեր թվարկությունից առաջ: Դեռևս պահպանվում են հեթանոսական ժամանակների ավերված կառուցների հետքերը: Կողբն ունեցել է վանքեր, մատուռներ, սրբատեղիներ, ամենալավ պահպանվածը Մշկավանքն է (10-13-րդ դար):
Թանգարանը հիմնել է Սուրեն Աբովյանը` 1970-ին: Այն իր տեսակով եզակի է Տավուշի մարզում: Թանգարանն ունի մեծ, ընդարձակ ցուցասրահ, որտեղ ցուցադրվում են հարյուրավոր ցուցանմուշներ` սկսած բրոնզե ժամանակաշրջանից: Թանգարանի եզակի նմուշներից է քարարկղային դամբարանից պեղված թուրը: Այստեղ պահվող որոշ կավե ամաններ և ցուցանմուշներ ունեն 3000-ից 3700 տարվա վաղեմություն: Ցուցանմուշներն ու այցելուների թիվն ավելանում են օր օրի: Մշակութային կյանքը գյուղում կարծես մի փոքր աշխուժանում է: Կենցաղը, բնականաբար, խանգարում է: Սուրեն Մուրադյանն ասում է, որ կուզենար` մարդկանց մեջ սերը ավելանար, ոչ թե պակասեր: Որ ավելի հաճախ լինեին մշակույթի տանը, թատրոնում։ Նա մասնագիտությամբ երաժշտական թատրոնի դերասան է: Գեղարվեստական ղեկավարն է նաև 2006-ից գործող տիկնիկային թատրոնի:
Թե ինչ նոր ներկայացմամբ են հանդես գալու, Սասուն Մուրադյանը գերադասեց նախապես չասել։ «Բայց մի բան պարզ է,- ասաց,- իրավունք չունենք շեղվելու մեր բռնած ուղեգծից, գոնե նույն գծով պետք է ընթանանք. կա՛մ ոչինչ չանենք, կա՛մ միայն անենք լավը»:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2135

Մեկնաբանություններ